Քաղցկեղը դրդում է մարդկանց համախմբվել։
Միացի՛ր՝ միասին անցնենք այս ճանապարհը։
Քաղցկեղի ախտորոշումը կարող է բազմապիսի հույզերի ու զգացմունքների առիթ հանդիսանալ՝ տագնապ, վախ, անորոշության զգացում, զայրույթ և այլն։ Երբեմն նույնիսկ հարազատներն ու մտերիմները չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում քաղցկեղ ունենալը։ Դա կարող է միայնակության և չհասկացվածության զգացումներ առաջ բերել։
Հոգեսոցիալական աջակցման խմբերը հնարավորություն են տալիս սեփական փորձը կիսել քաղցկեղ ունեցող այլ մարդկանց հետ։ Դրա շնորհիվ հնարավոր է նվազեցնել սթրեսը և իրավիճակին նորովի նայել։ Խմբի անդամները կարող են կիսվել այնպիսի ապրումներով ու զգացմունքներով, որոնք դժվար է պատմել անգամ ընկերներին կամ ընտանիքի անդամներին։ Խմբի մաս լինելը հաճախ տալիս է հասկացված լինելու և պաշտպանվածության զգացումներ։
Հոգեսոցիալական աջակցման խմբերը՝
1. օգնում են հոգեպես ավելի ապահով և հանգիստ զգալ,
2. հնարավորություն են տալիս խոսել հույզերի ու զգացմունքների մասին և աշխատել դրանց վրա,
3. հնարավորություն են ընձեռում քննարկել բուժման ընթացքում մարմնում կատարված փոփոխությունները, բուժման հետ կապված դժվարությունները և գտնել դրանց հարմարվելու ուղիները,
4. օգնում են ծանոթանալ նմանատիպ կենսական իրավիճակում գտնվող այլ անձանց փորձին, ինչպես նաև կիսվել սեփական փորձով այլոց հետ,
5. նպաստում են նոր հմտությունների և կարողությունների ձևավորմանը, որոնք կօգնեն Ձեզ անցնել քաղցկեղի բուժման գործընթացը,
6. օգնում են լավացնել շփման հմտությունները և դրա միջոցով բարելավել հարաբերությունները մտերիմների և բուժանձնակազմի հետ։
Նման հանդիպումներ պարբերաբար կազմակերպվում են նաև քաղցկեղով պացիենտների մտերիմների/խնամատարների համար։
Քաղցկեղով հիվանդներին հոգեսոցիալական աջակցությունն առաջարկվում է նաև առցանց՝ Ֆեյսբուքում «Խոսենք քաղցկեղի մասին» փակ խմբի միջոցով (խումբը միայն քաղցկեղով հիվանդների համար է, որը վարում են հոգեուռուցքաբանը, քաղցկեղ վերապրած/պացիենտների իրավապաշտպանը և ուռուցքաբանը, իսկ խմբին անդամակցելը միայն հրավերով է կամ հայտի հաստատմամբ):
Հոգեսոցիալական աջակցությունն իրականացվում է Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի և ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի համատեղ ջանքերով։
Աջակցման խմբերին մասնակցելն ԱՆՎՃԱՐ է։
Հոգեսոցիալական աջակցության և խմբերի կանոնավոր կազմակերպվող հանդիպումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար հետևե՛ք ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի ֆեյսբուքյան էջին։
Նախկին տեսք
Ամազոնից - $30
Պատրաստված է Հայաստանում-$8
Ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ
Հայաստանում քաղցկեղով պացիենտների համար
ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և խնդրանքով Հայաստանում Beeline-ը ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ է մշակել ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի շահառուների՝ քաղցկեղով պացիենտների համար։
Հատուկ սակագնային փաթեթի մշակման բանակցությունները սկսվել էին 2020թ․ հունվարից, և Beeline-ի պատրաստակամության ու ջանքերի շնորհիվ այս փաթեթը դեռ գարնանը հասանելի պետք է լիներ մեր շահառուներին, բայց չարաբաստիկ Covid-19 վիրուսը խառնեց բոլոր պլանները։
Հատուկ սակագնային փաթեթով նախատեսվում է լայն տարածված 6 բջջային հավելվածների՝ Facebook, Messenger, WhatsApp, Zangi, Telegram, Zoom անսահմանափակ օգտագործում՝ առանց ինտերնետի տարիֆիկացման։ Ընդ որում, Zoom հավելվածի հասանելիությունը փաթեթի կազմում կգործի մինչև հոկտեմբերի 31-ը և ենթակա է վերանայման։ Փաթեթի կազմում նախատեսվում է նաև մի շարք գործընկերների կայքերից անսահմանափակ օգտվելու հնարավորություն՝ www.henaran-fund.org, www.breast.am, www.bridgeofhealth.org, www.cityofsmile.org, www.oncology.am, www.cancer.am, www.blood.am, www.apoa.am:
Հատուկ սակագնային փաթեթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այս բազմաշահակից ծրագրին մասնակցող կազմակերպությունների կայքերից օգտվելու դեպքում այդ ծավալը բացարձակապես չի հաշվարկվում ինտերնետ տրաֆիկում, ինչպես նաև Facebook, Messenger, WhatsApp, Telegram, Zangi, Zoom հավելվածներն ամբողջությամբ, որոնք անվճար և անսահմանափակ են տրամադրվում։ Բացի այդ, 1,500 ՀՀ դրամով փաթեթը տրամադրում է խոսելու ներցանցային րոպեներ, SMS-ներ և լրացուցիչ 3 ԳԲ ինտերնետի ծավալ։ Առաջարկը հասանելի է միայն նոր բաժանորդներին և կանխավճարային տարբերակով, փաթեթի սակագներն ու պայմանները վավեր են միայն ՀՀ տարածքի համար։
Ո՞րն է հատուկ սակագնային փաթեթի նպատակը․ քաղցկեղի և Հայաստանում դրա ախտորոշման և բուժման մասին բազմակողմանի, հանրամատչելի և վստահելի հայալեզու առկա տեղեկատվությունը հասանելի դարձնել պացիենտներին։ Ինտերնետի լայն հասանելիությունը և այս փաթեթի ֆինանսական մատչելիությունը թույլ կտա քաղցկեղով պացիենտներին, հատկապես մարզերում, հնարավորինս տեղեկացված և իրազեկված լինել Հայաստանում քաղցկեղի ախտորոշման և բուժման առանձնահատկությունների ու հնարավորությունների մասին, ինչի արդյունքում կապահովվի պացիենտների կրթումն ու հզորացումը և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը։
Հատուկ սակագնային փաթեթի միակ թիրախային խումբը քաղցկեղով պացիենտներն են, որոնց մոտ վերջին 24 ամիսների ընթացքում ախտորոշվել է քաղցկեղ։ 24 ամսվա ժամկետը հաշվարկվում է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամին հայտադիմում ներկայացնելու օրվա դրությամբ։ Անչափահաս շահառուների դեպքում հատուկ սակագնային փաթեթը կարող է գնվել ծնողի/խնամակալի անունով՝ երեխայի ախտորոշման փաստաթղթերի հիման վրա։
Ինչպե՞ս դիմել․ խնդրում ենք ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի info@henaran-fund.org էլ․հասցեին ուղարկել հայտադիմում՝ կցելով պացիենտի անձնագրի պատճենը՝ լուսանկարի և գրանցման էջերով, ՀԾՀ-ն (հանրային ծարայությունների համարանիշ) և վերջին էպիկրիզը, ինչպես նաև նշելով կոնտակտային տվյալներ հետադարձ կապի համար։ Եթե պացիենտն անչափահաս է, ապա խնդրում ենք կցել երեխայի և նրա ծնողի/խնամակալի անձնագրերի պատճենները՝ լուսանկարի և գրանցման էջերով, ՀԾՀ-ները և վերջին էպիկրիզը։ Հայտադիմումը մշակելուց հետո ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը շահառուին կտրամադրի համապատասխան վկայական։ Հարցերի դեպքում զանգահարել ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամ՝ (091) 09-55-13 հեռախոսահամարով։
Հատուկ սակագնային փաթեթը ձեռք բերելու համար շահառուները Beeline-ի սպասարկման գրասենյակներում կամ առցանց ներկայացնելու են ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի կողմից տրամադրած վկայականը: Միանալու համար անհրաժեշտ է դիմել Beeline՝ զանգահարելով (010) 700-700 հեռախոսահամարին կամ գրել Ֆեյսբուքյան էջերից որևէ մեկին՝ Beeline Armenia կամ Beeline Business՝ ներկայացնելով ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի կողմից տրամադրած վկայականը։ Beeline-ի աշխատակիցները կընդունեն հայտը և կապ կհաստատեն բաժանորդի հետ հատուկ սակագնային փաթեթի վաճառքի վերաբերյալ։